1Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:
2Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:
3Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»:
4Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց:
5Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»: Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»:
6Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:
7Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս: Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»:
8Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները: Ամէնքը խիստ վախեցան:
9Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին: Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»:
10Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»:
11Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով:
12Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը:
13Երբ Աստուած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»:
14Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային:
15Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»:
16Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը: Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար: Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»:
17Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ:
18Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:
Eastern (Genesis Exodus Gospels) Tap a verse to copy, share, highlight or add a note. Dotted words link to encyclopedia articles.
18 verses in this chapter
20 / 50 chapters
The text is Eastern (Genesis Exodus Gospels)(아르메니아어) — From getbible.net (CrossWire SWORD module) · license: 공개 도메인 (Public Domain) Highlights, notes and read marks stay with the chapter whichever version you read. Dotted words are people, places and terms that have an encyclopedia article (marked once per page). Highlights, notes and read marks are saved only in this browser and gathered under My marks.